Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Ոստիկանությունը հորդորում է, հրավառությունը՝ շարունակվում

Ոստիկանությունը հորդորում է, հրավառությունը՝ շարունակվում
15.01.2014 | 18:05

Ամանորին վերջապես կռահեցի, որ այլևայլ առավելություններից զատ նաև խորապես կարեկից մարդ եմ, հատկապես կարեկցում եմ մեր պատվարժան ոստիկաններին՝ սկսած ոստիկանապետ-գեներալ հարգարժան Վլադիմիր Գասպարյանից մինչև պատվարժան շարքային Աղաբեկ Սուլիչյանը։ Ահավասիկ, պարզաբանում եմ կարեկցանքիս շարժառիթները։ Հայրենի ոստիկանությունը տարիներ շարունակ, գործնական քայլեր կիրառելու փոխարեն, գործնականում կանաչ լապտերներ է վառում մեր որոշ հայրենակիցների վայրենի նկրտումների առջև։ Այսպես, Ամանորից առաջ նախ խորհուրդ էին տալիս, այնուհետև հորդորում էին ոմանց զգույշ լինել հասարակական անդորրը խեղանդամող հրավառության նյութերը գործածելիս։ Ոմանք ունկնդրում էին հորդոր-խորհուրդը, քմծիծաղում և անցնում յուրյանց սև գործին, բնավ չմտահոգվելով, որ երբ իրենք հրավառվում են և որոտալից խրխինջով միանում պայթուցիկահրավառական խրախճանքի դղրդյունին, տասնյակ հազարավոր մարդիկ տեղից վեր են թռչում, ոմանց արյան ճնշումը գլխիվայր է ընկնում, ոմանցն էլ՝ սարն ի վեր սլանում։ Մի խոսքով, վերոնշյալ զվարճանքը ոչ միայն անբարո է, այլև վտանգավոր։ Եվ, խնդրեմ, 2014-ի առաջին օրերին արգո ոստիկանական լրատվությունը խրոխտ իրազեկում է հանրությանը՝ հրավառության նյութերի և պայթուցիկների անզգույշ գործածման հետևանքով այսքանը խեղանդամվել են, այսքան նյութական վնաս է հասցվել, այսքան և այսքան մարդ բերման են ենթարկվել և տարվել հիվանդանոց։ Եվ ցնցող վերջաբանը՝ ոստիկանությունը (սկսած արգո Գասպարյանից մինչև մեծարգո Սուլիչյան) դարձյալ խորհուրդ է տալիս, վերստին հորդորում՝ զգույշ վարվել հրագործական նյութերի հետ, պահպանել դրանց անվտանգ օգտագործման կանոնները։ Բայց չէ՞ որ անգամ անվտանգության կանոնների պահպանման դեպքում հրավառություններն ու պայթուցիկները ծանր են անդրադառնում խաղաղ ընթրող, հանգիստ ննջող կամ պարզապես մեղմանուշ մտորող մարդկանց առողջության վրա։ Այս մասին ոստիկանները լռում են, նրանցը խորհուրդն է և հորդորը։ Սա մի՞թե երեսպաշտության գլուխգործոց չէ։ Եկեք պատկերացնենք, որ ոստիկանը գրպանահատին խորհուրդ տա չսողոսկել քաղաքացիների գրպանները, այնուհետև հորդորի՝ եթե այնուամենայնիվ սողոսկում ես, ապա պահպանիր անվտանգության կանոնները, չէ՞ որ քաղաքացու դրամապանակում կարող է բաց ածելի լինել, ծոցագրպանում էլ՝ մի խուրձ քորոց։ Այնինչ հասարակական համակեցության ամենատարրական նորմերն իսկ պարտադրում են ու պահանջում՝ կտրականապես արգելել սույն չարորակ տեսականու թե՛ ներկրումը, թե՛ վաճառքն ու գործածումը։ Այնպես որ, բավ է կամա-ակամա քավության նոխազ լինեք ՀՀ կառավարության հակահանրային նկրտումներում, ժամանակը լիովին համոզել է մեզ, որ հենց Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունն է 2000 թվականից աստիճանաբար համաճարակի բնույթ ստացած սույն անբարո գործընթացների և՛ կնքահայրը, և՛ անշեղ իրագործողը, և՛, բնականաբար, գերշահույթներ «վաստակողը»։

Ի դեպ, ժամանակը չէ՞ ընդունելու, որ ձեր հորդորներն ու խորհուրդները, ինչպես և ձեր կողմից սահմանված տուգանքները զրոյական նշանակություն ունեն հանրային անդորրը խախտող հաստակողների համար, չէ՞ որ նրանք կեսգիշերից վաղ լուսաբաց դղրդացնում են երկիր և երկինք։ Մի խոսքով, հորդորում և խորհուրդ եմ տալիս անցնել կտրուկ և նպատակային գործողությունների, որից հետո, թերևս, կարեկցանքս ձեր հանդեպ կփոխվի խոր և ակնածալից հարգանքի։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1608

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ